Իվետա Շահբազյան

Իվետտա Շահբազյանն ունի իրավաբանական կրթություն՝ նա Հայաստանի ֆրանսիական համալսարանի Եվրոպական, միջազգային և համեմատական իրավունքի մագիստրոս է։ Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական քաղաքականության և կարգավորող համապատասխանության (compliance) ոլորտները՝ պետական համակարգում, միջազգային կազմակերպություններում և մասնավոր հատվածում։
Շուրջ յոթ տարի աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ղեկավարելով Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։ Այս ժամանակահատվածում համակարգել է հաստատությունների մոնիթորինգի, անհատական բողոքների քննության և օրենսդրական վերլուծությունների գործընթացները, ինչպես նաև ապահովել սերտ համագործակցություն պետական մարմինների ու միջազգային գործընկերների հետ։ Այնուհետ, որպես փորձագետ, իր մասնագիտական ուղին շարունակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրում (որպես իրավաբան-խորհրդատու) և խորհրդատվական հիմունքներով՝ միջազգային կառույցներում։
2024 թվականից գործունեությունը շարունակում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում։ Սկզբնապես ստանձնելով մեթոդաբանի պարտականությունները՝ աշխատել է ընկերության ներքին իրավական ակտերի շրջանակի ընդլայնման և կատարելագործման ուղղությամբ, իսկ ներկայում զբաղեցնում է համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատուի հաստիքը՝ համակարգելով ոլորտը կարգավորող պահանջների համապատասխանությունը, համապատասխանության ռիսկերի մոնիթորինգն ու ներքին քաղաքականության իրականացումը։
Նա նաև դասախոսում է մարդու իրավունքների թեմաներով մասնագիտական լսարանների համար։ Վերջին տարիներին անցել է մի շարք վերապատրաստումներ և ստացել հավաստագրեր համապատասխանության, կիբեռ ապահովագրության, փողերի լվացման դեմ պայքարի, ESG ներդրումների, ֆինանսական ծառայություններում արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև ռազմավարական պլանավորման ոլորտներում։ Վարժ տիրապետում է հայերենին, անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին։
